Տարեվերջ
Փիլիպ. 3:12-14-12 Ոչ թէ ես արդէն առեր եմ, կամ արդէն կատարեալ եղեր եմ,
հապա ետեւէն ինկած եմ, որ բռնեմ մրցանակը, որուն համար ալ բռնւեցայ Քրիստոս Յիսուսէն: 13 Եղբա՜յրներ, ես չէմ սեպեր թէ բռներ եմ: Բայց յիշեցնեմ թէ ետեւի եղածները մոռցած եմ ու առջեւի եղածներուն կը դիմեմ: 14 Նպատակը դիտելով` դէպի Քրիստոս Յիսուսով եղած Աստուծոյ վերին կոչումին մրցանակին կը վազեմ:
Տարեվերջին ընդունված զբաղմունք է, որ գրեթե ամենուր եւ ամեն բնագավառում
1. ամփոփում են անցնող տարին
2. գնահատում ձեռք բերածը
3. հիշում բաց թողածը
4. հույս հայտնում, որ նոր տարում արածի ու չարածի, լավի ու վատի, չարի ու բարու հարաբերակցությունը կփոխվի:
Եվ որպես կանոն միշտ էլ փոխվում է, բայց շատ հաճախ ոչ ի օգուտ արածի, լավի ու բարու: Ընդհանրապես այն բանից ի վեր, ինչ հարգարժան պարոն Էյնշտեյնը տվեց կյանքի հանճարեղ բանաձեւերից մեկը, տարիները թերեւս դարձան հարաբերական, իսկ տարեթվերը` ընդամենը պայմանականություն: Բայց Նոր Տարի է, եւ ակնկալիքները գալիս են անկախ մեր կամքից:
Գործնական 3 քայլ
1. Գիտակցիր ժամանակի արժեքը
ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ հարցրու նույն կուրսում մնացած ուսանողից
ՄԵԿ ԱՄՍՎԱ ԱՐԺԵՔԸ հարցրու վաղաժամ ծնված երեխայի մորից
ՄԵԿ ՇԱԲԱԹԻ ԱՐԺԵՔԸ հարցրու շաբաթական պարբերականի խմբագրից
ՄԵԿ ԺԱՄԻ ԱՐԺԵՔԸ հարցրու հիվանդ պառկած մեկից, ով սպասում է իր սիրելին, որը ուշանում է
ՄԵԿ ՐՈՊԵԻ ԱՐԺԵՔԸ հարցրու օդանավից, գնացքից կամ շատ կարևոր պայմանավորվածությունից ուշացած մարդուց
ՄԵԿ ՎԱՅՐԿՅԱՆԻ ԱՐԺԵՔԸ հարցրու օլիմպիական խաղերի արծաթե մեդալակրից, վայրկյանների տարբերությամբ վթարից խուսափած մարդուց կամ մեկից, ով հրաժեշտ է տալիս իր սիրելիին, ում այլևս չի տեսնելու:
Անշուշտ, գիտենք, որ ժամանակը մարդկային գյուտ է: Աստված ձեռքի ժամացույց չի կրում և օրացույց չի օգտագործում:
Բ Պետրոս 3:8 - Տէրոջը քով մէկ օրը հազար տարուան պէս է ու հազար տարին` մէկ օրուան պէս:
Աստված հավիտենականության հետ գործ ունի, ուստի ժամանակը նրա համար կարևոր գործոն չէ: Սակայն ժամանակը կարևոր է մեզ համար, քանի որ մենք ապրում ենք ժամանակի սահմանափակ շրջանակի մեջ:
Մենք կյանքը չափում ենք ժամանակի փուլերով. մանկություն, պատանեկություն,
երիտասարդություն, միջին տարիք և ծերություն։
Աստվածաշունչը նաև ուսուցանում է, որ կյանքն անորոշ է
Բ. Կորնթ. 6:2 - Ահա՜ հիմա է ընդունելի ժամանակը, ահա՜ հիմա է փրկութեան օրը:
Եբր 3:15- Այսօր եթէ անոր ձայնը պիտի լսէք, ձեր սրտերը մի՜ խստացնէք…
2. Ազատվիր անցյալի կապանքներից
Մենք յուրահատուկ ենք նրանով, որ Աստված մեզ տվել է հիշելու ունակություն:
Հիշողությունդ կարող է լինել քո ընկերը կամ թշնամին: Թերևս շատ նեղություններ ես քաշել այս տարի: Նեղությունները կարող են մեզ անցյալի կապանքների մեջ պահել: Դրա համար է Պողոսն ասում. ՙ…ետեւի եղածները մոռցած եմ՚:
Պողոսը երերուն անցյալ ուներ:
1. Նա հալածել էր եկեղեցին
2. Նա իր իշխանությունն օգտագործել էր քրիստոնյաներին սպանելու համար
3. Պողոսը խոստովանում է, որ ինքը մեղավորների գլուխն է
Ա. Տիմ.1:15 - Քրիստոս Յիսուս աշխարհ եկաւ մեղաւորները փրկելու, որոնց գլուխը ես եմ:
Պողոսը կարող էր մինչև գոյության վերջին օրն ապրել իրեն կոտրող մեղքի մեծագույն զգացումով: Այդ դեպքում նա երբեք չէր դառնա այն մեծ առաքյալը, որին մենք այսօր ճանաչում ու սիրում ենք: Սակայն Պողոսն ասաց. ՙ…ետեւի եղածները մոռցած եմ՚:
3. Մեր կյանքում պետք է առաջնայնություն սահմանենք
Պողոսն ակնհայտորեն շատ ավելին էր անում, քան մեկ բան.
1. Պատրաստում էր վրաններ
2. Քարոզում էր, հիմնում էր եկեղեցիներ
3. Բժշկում էր հիվանդներին
4. Գրում էր գրքեր
Սակայն Պողոսն աում է.
'Նպատակը դիտելով` դէպի Քրիստոս Յիսուսով
եղած Աստուծոյ վերին կոչումին մրցանակին կը վազեմ':